Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Ցավազրկումը ստոմատոլոգիայում. aregak.com

Ցավազրկումը ստոմատոլոգիայում. aregak.com

Շատերը, հավանաբար, չեն էլ հիշում այն ժամանակները, երբ մարդը վախենում էր գնալ ստոմատոլոգի մոտ միայն այն պատճառով, որ վախենում էր ցավից: Արդեն անցել են այն ժամանակները, երբ ստոմատոլոգն ատամը հեռացնում կամ լիցք էր կատարում (պլոմբ) առանց անզգայացման: Չնայած կան մարդիկ, ովքեր ՙհերոսաբար՚ հայտարարում են բժշկին, թե ոչ մի անզգայացում էլ իրենց պետք չէ, այնուամենայնիվ, շատերը վախենում են ոչ թե ինքնին բուժումից, այլ նաև անզգայացման պրոցեսից:

Այսօր արդեն ստոմատոլոգիայում անզգայացումը (ցավազրկումը) միջոցների մի ողջ զինանոց ունի: Ամենագլխավոր փոփոխությունը, հավանաբար, այս ոլորտում նոր սարքավորումներն են: Հիշեք, թե ինչ ձայնով էր աշխատում ստոմատոլոգի բոր-մեքենան, որը լսելի էր նույնիսկ պոլիկլինիկայի միջանցքներում: Այժմ դրանց փոխարինելու են եկել ժամանակակից լազերային սարքավորումները, որոնք աշխատում են անաղմուկ և հնարավորություն են տալիս առանց ցավի մշակել ատամի կարիեսային խոռոչը:

Ավելին, այժմ ցավազրկվում է ոչ միայն «ատամը տաշելու» պրոցեսը, այլ նաև անզգայացման պրոցեսը: Այն հատվածում, որտեղ պետք է ներարկում կատարվի, հատուկ գելով շփում է կատարվում, որը «սառեցնում» է լինդը և դեղամիջոցի ներարկումը լիովին առանց ցավի է կատարվում:

Եվ այսպես, ստոմատոլոգիայում անզգայացման տեսակներն են

ԱՊԼԻԿԱՑԻՈՆ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Ցավազրկումը ստոմատոլոգիայումՑավազրկումը ստոմատոլոգիայումԱնզգայացման այս տեսակը ոչ թե ներարկիչ-ասեղով է կատարվում, այլ դեղամիջոցի անմիջական օգտագործմամբ, որը կարող է լինել շիթացրի (спрей) կամ գելի տեսքով: Ապլիկացիոն անզգայացումը մակերեսային անցգայացումն է: Այս մեթոդը կիրառվում է ատամնաքարերի, կամ շարժվող ատամի հեռացման ժամանակ, կամ էլ ինֆիլտրացիոն կամ տարածական անզգայացում (проводниковая анестезия) կատարելու համար ներարկիչի անհարմարավետության զգացումը վերացնելու նպատակով (կան մարդիկ, ովքեր հատկապես դրանից են վախենում):

ԻՆՖԻԼՏՐԱՑԻՈՆ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Ստոմատոլոգիայում առավել շատ կիրառվող անզգայացման մեթոդն է: Այն հայտնի է նաև ՙսառեցում՚ անունով, որը կապված է նման գործողությունից հետո պացիենտի զգացման հետ: Ինֆիլտրացիոն անզգայացումը պաշարում է գլխուղեղ փոխանցվող նյարդային ազդակը, ոչ թե ցավը: Անզգայացնող դեղամիջոցը, հասնելով նյարդին, պաշարում է այն, ժամանակավորապես արգելելով աշխատել, այսինքն` ուղեղին ցավի ազդակ չփոխանցել: Հետո այդ դեղորայքը ճեղքվում է հատուկ ֆերմենտների ազդեցությամբ և օրգանիզմից դուրս է գալիս: Նյարդային վերջույթը նորից կարողանում է աշխատել, այսինքն` ազդակներ փոխանցել: Անզգայացնող դեղամիջոցների ազդեցության տևողությունն ու արդյունավետությունը տարբեր են լինում, պայմանավորված ներարկման մեթոդից, տեսակից և չափաքանակից: Ինֆիլտրացիոն անզգայացումը կիրառվում է ստոմատոլոգիական տարբեր վիրահատությունների դեպքում` ատամի կարիեսային խոռոչը մշակելիս, պուլպիտի, պարօդոնտիտի բուժման ժամանակ:

ՏԱՐԱԾԱԿԱՆ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ (ПРОВОДНИКОВАЯ АНЕСТЕЗИЯ)

Տարածական անզգայացման դեպքում նյարդը պաշարվում է փափուկ հյուսվածքներում, մինչև նյարդի ատամին ու հարակից հյուսվածքներին հասնելը: Անզգայացվում են այն հատվածները, որոնք ներվավորվում են այդ նյարդով և ցավի ազդակները գլխուղեղ չեն հասնում: Տարածական անզգայացումը կիրառվում է այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ցավազրկել նույն հատվածում գտնվող մի քանի ատամ միաժամանակ, կամ, երբ ինֆիլտրացիոն անզգայացումը չի ազդում:

Տարածական անզգայացումը կիրառվում է մեծ արմատներ ունեցող ատամների, լնդերի վիրահատությունների, ինչպես նաև ծավալային վիրահատական միջամտությունների ժամանակ:

ՆԵՐՈՍԿՐԱՅԻՆ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Ներոսկրային անզգայացման դեպքում ասեղն անմիջապես տեղադրվում է երկու ատամների արանքում սպունգանման ոսկրի մեջ: Նախապես այդ հատվածի լնդերի մեջ մի քանի կաթիլ դեղպատրաստուկ է ներարկվում, որպեսզի ոսկրի մեջ ասեղի տեղադրումն առանց ցավի լինի:

Ներոսկրային անզգայացման արդյունքում համեմատաբար արագ է կատարվում ատամների, լնդերի վեստիբուլյար հատվածի և լեզվի մակերեսի ցավազրկումը, միևնույն ժամանակ, չեն ընդարմանում այտերը, շրթունքները, լեզուն: Այս մեթոդը հիանալի արդյունք է ապահովում ատամի հեռացման դեպքում: Իսկ առավելությունն այն է, որ անզգայացումը գրեթե ակնթարթաբար է կատարվում և միայն ծայրահեղ դեպքում կարող է անարդյունավետ լինել:

Բայց հարկ է հիշել, որ ներոսկրային անզգայացումը հակացուցված է պարօդոնտային թարախային գրպանիկների առկայության դեպքում:

Ներոսկրային անզգայացումն արդեն երկար ժամանակ է, ինչ կիրառվում է և գործիքների հատուկ հավաքածու է ստեղծվել, որը ներառում է կոմպակտ ոսկրի թափածակման համար հատուկ գայլիկոն և համաչափ կարճ ասեղ անմիջապես սպունգանման ոսկրի մեջ ներարկում կատարելու համար:

ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Անզգայացման այս մեթոդի դեպքում ցավազրկումը կատարվում է գանգի հիմնային հատվածում դեղպատրաստուկի ներարկմամբ, որպեսզի պաշարվեն եռվորյակ նյարդի բոլոր ճյուղավորումները: Այսինքն, պաշարվում է այդ գանգուղեղային նյարդի ողջ ցողունը: Ցողունային անզգայացումը կիրառում են սովորաբար ստացիոնար պայմաններում վիրահատությունների ժամանակ, սուր ցավերի, նևրալգիաների և վնասվածքների դեպքում:

Անզգայացնող դեղամիջոցի ազդեցության տևողությունը երկարացնելու համար, հաճախ, դրա հետ մեկտեղ, այնպիսի դեղպատրաստուկ են օգտագործում, որը նեղացնում է արյունատար անոթները: Դրա շնորհիվ ցավազրկող դեղամիջոցը դանդաղ է ներծծվում արյան մեջ, նշանակում է, ավելի երկար է ազդում, արդյունքում անզգայացումն առավել արդյունավետ է լինում:

Այս ամենով հանդերձ, պետք է ևս մեկ հանգամանքի մասին տեղյակ լինել. դա ալերգիան է ցավազրկող դեղորայքի հանդեպ: Ալերգիան կարող է զարգանալ ցանկացած դեղամիջոցի հանդեպ, նույնիսկ ամենաժամանակակից (չնայած, տվյալ դեպքում ռիսկը նվազագույն է): Եթե պացիենտը նախկինում ցավազրկող նյութերի հանդեպ ալերգիա է ունեցել, ապա այդ մասին պետք է անպայման տեղյակ պահի բժշկին:

Այստեղ հարկ է նշել, որ ժամանակակից բժշկությունում կիրառվում են կարպուլային ներարկիչներ և ասեղներ, որը նոր խոսք է անզգայացման ոլորտում: Կարպուլա-ասեղ համակարգը նման է միանգամյա օգտագործման ներարկիչին: Այն պլաստմասե կամ մետաղե սարք է, որի վրա պտուտակվում է միանգամյա օգտագործման ասեղը և տեղադրվում է միանգամյա օգտագործման կարպուլան անզգայացնող դեղորայքով:

Բայց այս սարքը մի շարք առավելություններ ունի միանգամյա օգտագործման ներարկիչի հանդեպ. այն կանխարգելում է դեղամիջոցի մեջ օտար նյութ ընկնելը, ավելի բարակ ասեղ ունի, և ասեղի պտուտակն էլ շատ հուսալի է: Այս ամենը ներարկման ցավը նվազագույնի է հասցնում:

 

Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա

Հասցե.     Վահրամ Փափազյան 16, ք. Երևան, 0012, Հայաստան
Էլ. հասցե.     [email protected]   
Հեռախոս.     +374 (10) 27-84-64

 

Սկզբնաղբյուր. aregak.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ